Պարզ մաթեմատիկա

Պարզ մաթեմատիկա
19.10.2025 | 13:27

Ամենայն հավանականությամբ, Հայ Առաքելական Եկեղեցին զավթելու գլխավոր նպատակներից մեկը Եկեղեցու ցանցը թուրքերի տրամադրության տակ դնելն է:

Ակնհայտ է՝ ուրկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ ղեկավարությունն այն աատիճանի է չոքել թուրքերի առաջ, որ նույնիսկ Ալիևն է համարձակվում հրապարակայնորեն ստորացնել Ռուսաստանի նախագահին: Հիշենք, որ երբ Հայաստանը հայկական պետություն էր ու Արցախը հայկական էր, Ալիևը նույնիսկ Պուտինի ղազի կարգավիճակի մասին չէր կարող երազել:

Այսօրվա նիկոլական Հայաստանի պարագայում Ալիևը ոտքերն է սրբում Ռուսաստանի վրա, և դա շնորհիվ Կրեմլի որոշ մեծն ստրատեգների, որոնք կարծում էին, թե Հարավային Կովկասում կարելի է դաշնակից փոխել ու դրանից իրենց հետ ոչ մի վատ բան չի պատահի:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքը Ռուսաստանում հարցեր լուծելու Էրդողանի անձնական պրոքսին է:

Ռուսաստանի չոքած վիճակն օգտագործելով՝ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, խնդիր ունի ևս մեկ պրոքսի ավելացնել Ռուսաստանում՝ հայկական համայնքի տեսքով:

Այս գործը հնարավոր չէ գլուխ բերել միայն Արսենյան Գուրգենով: Պետք են Ռուսաստանի հայկական եկեղեցական թեմերը:

Երբ Էրդողանի հայաստանյան վասալը զավթի Էջմիածինը, շատ արագ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի տարածքում ստանալու է Անկարայում ջոկված ու «օծված» սրբազանների ու քահանաների, որոնց գործը լինելու է Արսենյան Գուրգենի հետ ձեռք-ձեռքի տված թուրքական նոր պրոքսի ձևավորելը:

Ի՞նչ եք կարծում՝ հենց այսօր Նիկոլին ինչ-որ բան ասի, եթե կուզեք՝ հրամայի, եթե կուզեք՝ խնդրի Էրդողանը և Պուտինը, որի՞ ասածը կանի: Չեք կասկածում չէ՞, որ Էրդողանի ասածն է անելու: Որովհետև խաղաղությունը, նույն ինքը՝ թուրքացումը, հայ ժողովրդի վրա ծախելու և իշխանությունը պահելու հարցում Նիկոլը կախված է ուղիղ Էրդողանից:

Խաղաղության, նույն ինքը՝ թուրքացման փուչիկի պայթյունը սահմանին մեկ հայ զինվորի սպանությունն է: Պուտինն Ալիևին չի կարող արգելել կրակել, Էրդողանը՝ կարող է: ՈՒստի և Նիկոլն Էրդողանի ասածն է անելու: Ինչպես ասում են՝ պարզ մաթեմատիկա:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 193

Մեկնաբանություններ